Քաղաքական հարցերը մի կողմ եմ թողնում, ցանկացած երկրի քաղաքական անկախության հիմքը տնտեսությունն է: Հայաստանը քաղաքականապես անկախացավ համեմատաբար արագ, իսկ տնտեսապես շատ ավելի արագ հայտնվեց կախման մեջ: Անցյալում քաղաքական սխալներ գտնելն ամենահեշտն է, ժամանակի մեջ ավելի պարզ է երևում՝ ինչ էր պետք անել ու ինչ անել չէր կարելի: Տնտեսության մեջ՝ նույնը: Եթե անցյալում այդպես է, ակնհայտ է դառնում՝ ինչ պետք է անել ապագայում: Իսկ սկսել պետք է ներկայից: Տնտեսական բացարձակ անկախություն գոյություն չունի, բացարձակն ընդհանրապես ապրիորի կատեգորիա է, որ անգամ բնության մեջ չի հանդիպում, առավել ևս հասարակական հարաբերություններում: Տնտեսական անկախության և կախյալության կարգավորիչը քաղաքականությունն է: Գործնականում, ժամանակակից տեխնոլոգիաների առկայությամբ, բնական ռեսուրսները վճռորոշ դեր չեն կատարում: Տնտեսական անկախության հիմքը էներգետիկ անկախությունն է: Էներգակիրների բնական պաշարներ չունեցող պետությունների համար հարցը լուծում է քաղաքականությունը՝ բանակցել նավթ ու գազ ունեցող երկրների հետ՝ նրանցից գնել ու օգտագործել: Կամ՝ այլընտրանքային էներգիայի աղբյուրներ որոնել սեփական երկրում: Հայաստանն ունի ատոմակայան, բայց խայտառակ էներգետիկ կախվածություն Ռուսաստանից: Ինչո՞ւ: Գազի գնի, էլեկտրաէներգիայի գնի արդեն անվերջ բարձրացումների դեմ պայքարելու փոխարեն՝ ինչո՞ւ չմտածել սեփականն օգտագործելու մասին: Ատոմակայանի հզորությունը բավարար չէ՞ ամբողջ երկրի էներգամատակարարումն ապահովելու համար: Ինչո՞ւ սկսվեց ու կասեցվեց նոր ատոմակայանի կառուցման նախագիծը: Քաղաքական իշխանությա՞ն ձախողումն էր: Բայց չի կարող երկրի համար ամենակենսական հարցում հավերժական ձախողում լինել: Մենք ընտելացել ենք հետևանքների դեմ պայքարելուն, իսկ պատճառները վերացնելու մասին ո՞վ պիտի մտածի: Ֆրանսիան փող չտվեց, Եվրամիությունը ուզում է գործող ատոմակայանը փակել՝ համարելով արդեն վտանգավոր դարձող, բնական հնարավորությունները՝ արևի, քամու էներգիան, չեն օգտագործվում, հիդրոէլեկտրակայանների կառուցումը կամ դանդաղում է, կամ դադարեցվել է: Էլեկտրաէներգիայի ստացման միակ աղբյուր է դարձել ատոմակայանը, որ գործում է ռուսական ուրանով, իսկ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը, որը ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերության սեփականությունն է, հերթական հայտն է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ առաջարկելով բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը՝ 42 դրամից դարձնել 60 դրամ: Ի՞նչ սակագին է գործում Ռուսաստանում: Հարցը ուսումնասիրել է «Ժամանակ» թերթը և ներկայացրել սակագնի պահանջվող գնի հետ անհամադրելի պատկեր: Էլեկտրաէներգիայի բաշխմամբ զբաղվում է նույն օպերատորը, Հայաստանը գազը գնում է Ռուսաստանից՝ ներռուսաստանյան սակագներով: Գազից արտադրված էլեկտրաէներգիան Հայաստանում սպառվող էլեկտրաէներգիայի 60 տոկոսն է: Երբ կնքվում էր հայ-ռուսական գազային համաձայնագիրը, վստահեցնում էին, որ Հայաստանը գազը ստանում է Օրենբուրգի մարզի գներով: Էլեկտրաէներգիայի սակագինը Օրենբուրգի մարզում 2,2 ռուբլի կամ մոտ 20 դրամ է այսօրվա ռուբլի-դրամ փոխարժեքով, երեք անգամ ավելի էժան այն գնից, որը փորձում է ՀԷՑ կառավարիչ «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերությունը պարտադրել հայ սպառողներին: Էլեկտրաէներգիան ամենաթանկը Հայաստանին ամենամոտ գտնվող Ստավրոպոլի ու Կրասնոդարի երկրամասերում է՝ 3,8 և 3,7 ռուբլի 1 կիլովատտ/ժամի համար կամ՝ մոտ 35 դրամ: Նույնիսկ Մոսկվայում, որտեղ էլեկտրաէներգիայի պահանջարկը հսկայական է, սակագինը 4,53 ռուբլի է՝ մոտ է այսօր Հայաստանում գործող սակագնին՝ 42 դրամ մեկ կիլովատտ/ժամի դիմաց, բայց ոչ 60 դրամ: Ծանրագույն էներգետիկ Ճգնաժամի մեջ գտնվող ՈՒկրաինայում էլեկտրաէներգիայի սակագները առավել քան սոցիալական են՝ մինչև 100 կիլովատտ/ժամ սպառողների կամ սոցիալապես անպաշտպան խավերի համար 1 կիլովատտն արժե 8 դրամ, իսկ 100-ից 600 կիլովատտ/ժամ սպառողների համար, այսինքն՝ երկրի բնակչության հիմնական մասի համար՝ 16-17 դրամ: Եվրոպայում մարդը էլեկտրաէներգիայի միջին սպառման դեպքում՝ 200 կիլովատտ էլեկտրաէներգիայի դիմաց վճարում է իր աշխատավարձի 1 տոկոսը: Մինչդեռ եթե Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը դառնա 60 դրամ, քաղաքացին պետք է վճարի միջին աշխատավարձի 10 տոկոսը, ցուցանիշ, որ գոյություն չունի ամբողջ աշխարհում:
Այս պայմաններում ՀՀ էնեգետիկայի նախարարը ձեռքերը լվանում է ու կողմ քաշվում՝ հայտարարելով, որ թանկացման պատճառները սուբյեկտիվ են: Ավելին՝ նրա ասուլիսում արված հայտարարությունները կարելի է ընդունել իբրև դատական հայց հարուցելու հիմք, բայց այդ մասին Հայաստանում մտածելն իսկ քրեորեն պատժելի է: Էլեկտրաէներգիայի սակագների շարունակական աճը կանխելու համար, կրկնում եմ, պետք է պայքարել ոչ թե հետևանքների դեմ, այլ՝ պատճառները վերացնել: Այս ընթացքով՝ ռուսական գազից կախվածությունը աստիճանաբար դառնում է գլխավոր պատճառ՝ Հայաստանի ոչ միայն տնտեսության զարգացումը արգելակող, այլև՝ բնակչության եկամուտների ու կենցաղային կարիքների համար սպառած էլեկտրաէներգիայի վճարի հետ անհամադրելի: Ռուսաստանում էլեկտրաէներգիայի սակագինը կարող է ամեն տարի բարձրանալ, բնակչությունն այնտեղ վճարունակ է, Հայաստանում 15-20 տոկոսով բարձրացումը հակացուցված է: Ոչ միայն սոցիալական պատճառներով, դա արգելակ է տնտեսության առաջ: Ռուսական ընկերությունները Գինեսի գրքում գրանցվելու արժանի ամենաանարդյունավետ կառավարիչներ են, 12-15 տոկոս կորուստը /Եվրոպայում միջին կորուստը տատանվում է 5-7 տոկոսի սահմաններում/ նշանակում է, որ կառավարիչներին ու կառավարման մեթոդները փոխել է պետք: Ռուսները կապիտալ ներդրումներ չեն կատարում էներգաբաշխման համակարգում, որ իսկապես ֆիզիկապես հնացած է և կորուստները մեծանում են, հավելեք պարզ կողոպուտը ու կստանաք այսօրվա պահանջվող գինը, իսկ վաղը՝ նորից գինը բարձրացնելու հեռանկարը:
Եթե Երվանդ Զախարյանը ձեռքերը լվանում է, իսկ Ռոբերտ Նազարյանը չի կարող դիմադրել, ի՞նչ անել: ՀԱԿ-ը, օրինակ, առաջարկում է հերթական հանձնաժողովը ստեղծել՝ հարցը ուսումնասիրելու համար: ՀԱԿ-ը ևս կարող է հայտնվել Գինեսի գրքում՝ բոլոր հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովների ստեղծման առաջարկների քանակով, մանավանդ, շատ մեծ քաղաքագիտական վերլուծություն պետք չէ՝ պարզելու, որ հանձնաժողովները հարց չեն լուծում: Իսկ այս դեպքում ՀԱԿ-ի առաջարկը պարզ դեմագոգիա է, որովհետև առաջինն իրենք պատրաստ չեն Ռուսաստանի մենաշնորհների դեմ խոսել ու ճշմարտությունը պարզել, առավել ևս՝ եզրակացություններ անել: Հաշվարկը՝ պարզ է՝ ՀՀԿ-ն չի ստորագրի և հերթական տակառը կարելի է գլորել իշխանության վրա: ԲՀԿ-ն ստանձնում է սոցիալական բողոքների խողովակի դերը, ի տարբերություն անցյալ տարվանից, այս տարի ԲՀԿ-ն քաղաքական հայտարարություններ է անում էլեկտրաէներգիայի գնի բարձրացման անթույլատրելիության վերաբերյալ, բայց հազիվ թե իրեն թույլ տա փողոց դուրս գալ ու հանրահավաքային պայքար սկսել: Մյուսները կանեն կամ չեն էլ անի դատապարտող հայտարարություններ, ու կստացվի, որ հարցը պետք է լուծեն սպառողները: Այսինքն՝ բնակչությունը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Կդառնա՞ հարցը սոցիալական բունտի պատճառ, երբ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն էլ հանձնվի: Չգիտեմ, բայց գիտեմ, որ էլեկտրաէնեգիայի սակագինը բարձրացնել-չբարձրացնելու հարցը արմատական լուծում է պահանջում, ոչ թե պայքար կոնկրետ ընկերության կոնկրետ անօրինության դեմ: Մեկ օրվա խնդիր չէ, երկրի ներկայի ու ապագայի խնդիր է: Էներգակիրները տնտեսական անկախության հիմքն են, տնտեսական անկախությունը՝ քաղաքական անկախության: Հայաստանում պատճառահետևանքային կապը այնքան է խախտվել, որ արդեն չես պարզի՝ ո՞րն է հետանքը, ո՞րը՝ պատճառը: Իսկ արդյունքներ չկան ու չեն լինելու, քանի դեռ մեր երկրում տնտեսության համար ռազմավարական նշանակության բոլոր ճյուղերը հանձնել ենք ռուսներին, իսկ օրերս ստորագրեցինք նաև ռուսաց լեզվին նոր արտոնություններ տվող համաձայնագիր: Հայաստանի առաջին անկախ նախագահի օրակարգում պետք է լինի անկախության վերականգնումը՝ սկսած էներգակիրներից մինչև պետական լեզու: Իսկ եթե լինեն Սահմանադրության փոփոխություններ, վարչապետի առաջին խնդիրը, միևնույն է, էլի դա է լինելու, այսպես երկիր պահել հնարավոր չէ: